Բանտարկված ադրբեջանցի խաղաղության ակտիվիստ և հետազոտող Բահրուզ Սամեդովն այսօր Ադրբեջանի Գերագույն դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում սուր առարկայով կտրել է ձեռքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սեպտեմբերի 25-ին Գերագույն դատարանը քննել է Բահրուզ Սամեդովի վճռաբեկ բողոքը՝ դատավոր Իլկին Աբդուլլաևի նախագահությամբ: Դատավարության ընթացքում փաստաբան Զիբեյդա Սադիգովան վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պետական ​​դավաճանության հոդվածը չեղյալ համարելու համար: Դատարանը բողոքը չի բավարարել։ Դրանից հետո Սամեդովը մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Դատարանը դրանք նույնպես չի բավարարել։ Ի նշան բողոքի՝ Սամեդովը հենց դատարանի դահլիճում ինքնավնասում է կատարել։ Նա մի քանի տեղից կտրել է աջ ձեռքը։ Դատարան շտապօգնության մեքենա է կանչվել։ «Երբ բառերը սպառվում են, ստիպված ես արյան միջոցով խոսել»,- հայտարարել է Սամեդովը։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայում չեն հաղորդվում։ Չեխիայի Կառլի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին։ Սամեդովը 2025 թվականի հունիսի 23-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Հետաքննության վարկածի համաձայն՝ նա, իբր, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։ Սամեդովը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա ընդգծել է, որ դեմ է պետությունների միջև պատերազմին և դրա հետևանքով մարդկանց զոհվելուն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի