Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել ամրապնդել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) դերը՝ նշելով, որ այդ նպատակին հասնելու անհրաժեշտ քայլերից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն ու դրա հինգ մշտական անդամների վետոյի իրավունքի վերացումն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։ ԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 23-ին ունեցած ելույթում Սանչեսը նշել է, որ այդ քայլերը կնպաստեն բազմակողմանիության վերակենդանացմանը։ «Մենք պետք է կրկնապատկենք մեր վստահությունը բազմակողմ համակարգի նկատմամբ։ Պետք է նորացնենք և ամրապնդենք այն, որպեսզի այն կարողանա այս դարում ունենալ նույն կենտրոնական դերը, ինչ ունեցել է 20-րդ դարում Մենք պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը՝ աշխարհի բոլոր տարածաշրջանների արդար ներկայացվածությունն ապահովելու և մշտական անդամների վետոյի իրավունքը վերացնելու համար, քանի որ, ինչպես նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, որևէ երկիր՝ անկախ նրանից, թե որքան հզոր է, չպետք է վեճում միաժամանակ հանդես գա և՛ որպես դատավոր, և՛ որպես կողմ», – ասել է Սանչեսը։