Ուզբեկստանում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Նախիջևանից Թուրքիայի ուղղությամբ նախատեսվող երկաթուղու կառուցման նախագծին երկրի մասնակցության հնարավորությունն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը։ Նրա խոսքով՝ համապատասխան հանձնարարականները տրվել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի՝ Վրաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով։ «Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար ստեղծվել է առանձին աշխատանքային խումբ»,- ասել է Մախկամովը O’zbekiston 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նախարարը նշել է, որ Տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է կատարված աշխատանքների, արձանագրված արդյունքների և մինչև տարեվերջ նախատեսվող քայլերի վերաբերյալ հաշվետվություններ, ինչից հետո ստացել է հետագա աշխատանքի վերաբերյալ հանձնարարականներ։