Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ հանդիպումը կայացել է «Թուրքական տանը»՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տվյալներով՝ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան արդեն 18 տարի Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Նա նշել է, որ Անկարան շարունակելու է քայլեր ձեռնարկել երկու երկրների համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում, հետագայում ևս զարգացնելու ուղղությամբ։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է միջազգային հարթակներում Թուրքիայի և Վրաստանի միջև համերաշխության պահպանման կարևորությունը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ համագործակցության մեխանիզմների առավել արդյունավետ օգտագործումը շահավետ կլինի բոլոր երեք երկրների համար։