You are using an outdated browser. Please upgrade your browser. Գլենդել քաղաքում տեղի է ունեցել «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Երկու օր շարունակ ցուցասրահում այցելուների հոսքը մեխ էր, ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ է ընդունել Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։ Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված նկարներ, ինչպես նաև «Կինը» հավաքածուն, որի միջոցով արվեստագետը ցուցադրեց, թե ինչպես է գեղանկարչությունը վերածվում տեքստիլի, իսկ կտավի պատկերները՝ հագուստի։ Նույն ստեղծագործությունները միաժամանակ ապրում էին տարբեր ձևաչափերում՝ որպես պատերին ցուցադրված նկարներ և մանեկեններին ներկայացված հագուստներ։ Այս համադրությունը այցելուներին հնարավորություն է տվել տեսնելու նկարչության, տեքստիլ արվեստի և նորաձևության կենդանի փոխակերպումը։ Ցուցադրության առանձնահատուկ մասերից էր նաև Լիլիթ Մելիքյանի հեղինակած մանկական ստեղծագործական գիրք-ալբոմը։ Գրքում ներկայացված է յուրաքանչյուր նկարի և կերպարի պատմությունը, իսկ ընթերցողը հնարավորություն է ստանում գունավորելու պատկերներն ու կարծես ստեղծագործելու նկարչուհու հետ միասին։ Ցուցահանդեսը հյուրընկալած պատկերասրահը երկու օր շարունակ ընդունեց բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու կտորի հետ աշխատանքի նոր և անսովոր մոտեցում։ Ներկայացված աշխատանքներում ազգային մշակույթի հիշողությունը միահյուսված էր ժամանակակից արվեստի, նորաձևության և հեղինակի վառ անհատականության հետ։ Առաջիկա ամիսներին նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում կներկայացնի հայկական ազգային տարազները, իր նորաձևության հավաքածուները, հեղինակային նկարներն ու գրքերը, ինչպես նաև այն ստեղծագործական նախագծերը, որոնք իրականացնում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ հետ։